«Հայկական Ժամանակ». «Մեհրաբները» մեր ամոթն է, «Եղնիկներից» ոչնչով չի տարբերվում

2012-04-21 10:58:49

Ապրիլի 18-ին «Մեհրաբներ» զորամասի «Խուբան» հենակետում տեղի ունեցած զինվորի մահվան դեպքի վերաբերյալ երեկ մի քանի կայքեր նոր տեղեկություն էին տարածել:

Նշվում էր, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է հենակետի ավագ, դասակի հրամանատար, ոմն ավագ լեյտենանտ: ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը պաշտոնապես հերքեց, թե դեպքի հետ կապված ձերբակալված կա:

«Ձերբակալություն այս պահի դրությամբ դեռևս չկա, և այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Սարգսյանը: Վարկածը, թե զինվորը զոհվել է հենց հակառակորդի գնդակոծության հետևանքով՝ նույնպես չհաստատվեց ավագ սպայի կողմից:

«Պաշտոնապես նման տեղեկատվություն չի էլ տարածվել, վարկածի մասին մենք դեռ ոչինչ չենք հայտնել, երբ ինչ-որ բան ստույգ լինի՝ մենք կհայտնենք»,-ասել է Մերի Սարգսյանը: Նա կրկին շեշտել է, որ ձերբակալված անձ չկա՝ հավելելով, որ նախաքննություն է ընթանում:

Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ այդ հենակետում, ըստ նախնական վարկածի, ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով զոհվել էր ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը և վիրավորվել Կարեն Մովսեսյանը, որն այժմ Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում է, և նրա առողջական վիճակը գնահատվում է լավ: Փաստորեն, եթե ՊՆ-ն չի կարողանում հաստատել, որ Մարգարյանի մահը վրա է հասել հաառակորդի ձեռքով, ապա հավանականություն կա, որ շուտով կհաստատվի հայ բանակայինների միջև առկա կոնֆլիկտի պատճառով գրանցված հերթական սպանության մասին լուրը:

«Մեհրաբներում» զինծառայողների հարաբերություները վաղուց դուրս են եկել կանոնադրայինի սահմաններից: Իսկ դեպքերը մի քանիսն են: Այս տարվա փետրվարի 23-ին ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ հակառակորդը սպանել է նույն «Մեհրաբների» ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանին: ՊՆ այն ժամանակվա մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը նույնիսկ հայտարարեց, որ ադրբեջանցիները պատասխան են տալու: Ադիբեկյանի՝ իբր հակառակորդի կողմից սպանված լինելու լուրը պատճառ դարձավ, որ հայ «աստղերը» բոյկոտեն Բաքվում կայանալիք Եվրատեսիլը: Մի քանի օր անց պարզվեց, որ Ալբերտին հրազենից արձակած կրակոցով սպանել է ծառայակից ընկերը՝ իգնատ Ենգիբարյանը: Ի դեպ, Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը 20-ամյա Ադիբեկյանի՝ ոչ թե հակառակորդի, այլ հայի փամփուշտից սպանված լինելու մասին խոսել էր պաշտոնական հայտարարությունից դեռևս օրեր առաջ: Մարտիրոսյանն այս օրերին պաշտպանում է «Մեհրաբներում» պաշտոնական վարկածով «ինքասպան եղած» մեկ այլ զինվորականի՝ լեյտենանտ Արտակ նազարյանի իրավահաջորդի շահերը: Նազարյանի՝ իր զինվորական գործընկերների կողմից սպանված լինելու մասին փորձագետը բազմիցս բարձրաձայնել է: Եվ՝ ոչ միայն նա: Շատերն են պնդում, որ ամբաստանյալի աթոռին գտնվող 5 տղաների գլխին պարզապես սարքել են: Կրկին «Մեհրաբներից» եկած ցուցումով, վկաների կեղծ-հնարովի ցուցմունքներով: «Մեհրաբները» մեր ամոթն է՝ «Եղնիկներից» ոչնչով չի տարբերվում: Մաքրեք այդ զորամասը բեսպրեդելից:

Դիտվել է 719 անգամ:

Լրահոս
18 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը