Ես հստակ գիտեմ, որ ԱՄՆ-ն կապ ունի Յանուկովիչի պաշտոնանկության հետ. Պուտին
ԱշխարհՎլադիմիր Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում պետական հեղաշրջում կազմակերպելու համար և անընդունելի է համարել այդ գործողությունները, հայտնում է «Ինտերֆաքսը»:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ ինքը հստակ գիտի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության հարցում ԱՄՆ-ի դերի մասին: «Մեր գործընկերներն ԱՄՆ-ում չեն թաքցնում, որ աջակցել են նրանց, ովքեր դեմ են եղել նախագահ Յանուկովիչին»,- ասել է Պուտինն ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցում:
Այն հարցին, թե արդյոք Պուտինը կարծո՞ւմ է, որ ԱՄՆ-ն կապված է Յանուկովիչի պաշտոնանկության հետ, երբ նա ստիպված էր փախչել Ռուսաստան, նախագահը պատասխանել է. «Ես դա հաստատ գիտեմ»:
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը «հազարավոր համատեղ տարբեր կապեր» ունի այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ուկրաինայում:
«Եվ մենք գիտենք՝ ով, որտեղ, երբ է հանդիպել, աշխատել այն մարդկանց հետ, ովքեր պաշտոնանկ են արել Յանուկովիչին, ինչպես են նրանց աջակցել, որքան են վճարել, ինչպես են նախապատրաստել, որ տարածքներում, որ երկրներում և ովքեր են եղել հրահանգողները: Մենք ամեն ինչ գիտենք: Իրականում, մեր ամերիկացի գործընկերները դա արդեն չեն էլ թաքցնում»,- նշել է Պուտինը: