Բոլորիս համար անդառնալի է Զանազանյանի կորուստը. սպորտի նախարարի ցավակցական ուղերձը
ՍպորտՀայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ.
«Մեծ ցավով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի անփոխարինելի ավագ, ֆուտբոլասերների մի քանի սերունդների սիրելի Հովհաննես Զանազանյանի մահվան մասին: Մի մարդ, ով ոչ միայն փորձառու և հմուտ ֆուտբոլիստ էր, այլ նաև հիանալի մարզիչ ու մանկավարժ:
Հովհաննես Զանազանյանը, ավարտելով ֆուտբոլիստի կարիերան, չհեռացավ սիրած մարզաձևից և, որպես մարզիչ, սիրով իր փորձն ու հմտությունը փոխանցեց ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին:
Իրավամբ բոլորիս համար անդառնալի է նրա կորուստը:
Անկեղծ ցավակցում եմ հայտնի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Ավարտվեց նրա երկրային կյանքը, սակայն Հովհաննես Զանազանյան մարդու, մարզիկի, մարզչի և մանկավարժի հիշատակը վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»,-ասված է ուղերձում: