«Ժողովուրդ». Առանց սահմանադրական նոր նախագծին ծանոթանալու օրենսդիրները սեղմել են կոճակները
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն երեկ քվեարկեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը՝ 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նոր Սահմանադրության վերջնական նախագիծը պատգամավորներին բաժանվել է երեկ առավոտյան՝ քվեարկությունից մի քանի ժամ առաջ միայն: Մինչդեռ փաստաթուղթը պատգամավորները պետք է ստանային հոկտեմբերի 2-ին: Սա նշանակում է, որ օրենսդիրները, նախագծին առանց ծանոթանալու, սեղմել են «կոճակները»:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, «թիմը» ներկայացնող պատգամավորները՝ ի դեմս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի, երեկ չմասնակցեցին նոր Սահմանադրության նախագծի քվեարկությանը: Ենթադրվում է, որ այսօր կամ վաղը Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի, որով կնշանակվի հանրավքեի օր. ամենայն հավանականությամբ՝ դեկտեմբերի 6-ը: Ու եթե հանրաքվեն «այո» ձայների գերակշռությամբ անցնի, նշանակում է, որ մենք դեկտեմբերի 7-ին կարթնանանք միանգամայն այլ Հայաստանում, որտեղ պատգամավորներն այսուհետ կկարդան նախագծերը քվեարկելուց առաջ, որտեղ կլինեն բացառապես պատասխանատվության զգացողություն ունեցող պատգամավորներ և այլն: Մի խոսքով՝ լիովին այլ Հայաստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: