Կալիֆոռնիայում օրինականացրել են էվթանազիան
ԱշխարհԿալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն ստորագրել է անբուժելի հիվանդների էվթանազիայի իրավունքի մասին օրինագիծը: Այդպիսով, Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը, որտեղ օրինականացրել են բժշկական օգնությունը կյանքից հեռանալուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բրաունն ինքը, որը կաթոլիկ հորգևորականի կրթություն է ստացել, նշել է, թե չգիտի՝ ինչ կաներ ինքն երկար ժամանակ անտանելի ցավերով մահանալու դեպքում, բայց իրեն մխիթարում է այն հնարավորությունների գիտակցումը, որոնք երաշխավորում է իր ստորագրած փաստաթուղթը:
Կալիֆոռնիական օրենքի համաձայն՝ էվթանազիայի վերաբերյալ դրական որոշում ընդունելու համար երկու բժիշկների կոնսիլիումը պետք է ճանաչի, որ հիվանդին մնացել է ապրելու վեց ամսից ոչ ավելի և նա պահպանում է սթափ դատողությունն ու հիշողությունը:
ԱՄՆ-ի մյուս նահանգներից էվթանազիան թույլատրված է Մոնտանայում, Օրեգոնում, Վերմոնտում և Վաշինգտոնում: Կյանքից հեռանալուն օգնելու ընթացակարգն օրինականացված է նաև Բելգիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում: