Էլդար Ռյազանովին հոսպիտալացրել են Մոսկվայում
Գիտություն և ՄշակույթՌուս կինոռեժիսոր Էլդար Ռյազանովին հոկտեմբերի 6-ի երեկոյան հոսպիտալացրել են Մոսկվայի թիվ 1 Պիրոգովի անվան քաղաքային հիվանդանոցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Զվեզդա» հեռուստաալիքին: Նշվել է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի վիճակը ծանր է, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետը հայտարարել է, որ «կեղծ տագնապ» է եղել: «Նրան բերել են, բայց ոչ մի վտանգավոր բան չեն գտել»,- ասել է բժիշկը և հավելել, որ ռեժիսորն այսօր իսկ դուրս կգրվի հիվանդանոցից:
Այս տարվա սեպտեմբերի 6-ին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ռյազանովը հոսպիտալացվել է ինֆարկտից հետո: Ռեժիսորի հարազատները հերքել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է վերականգնողական բուժմանը:
Էլդար Ռյազանովը խորհրդային և ռուս կինոռեժիսոր է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հեռուստահաղորդավար, գրող և պրոդյուսեր: Նրան լայն ճանաչում են բերել «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Կայարան երկուսի համար» ֆիլմերը: