Կառավարությունը մտածում է թամադաներին և կոշկակարներին հարկելու մասին. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի օրակարգում օրենսդրական մի փաթեթ է ընդգրկված, որը այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել: Այդ փաթեթով առաջարկվում է ընդունել նոր «Արտոնագրային հարկի մասին» օրենք և փոփոխություն կատարել թվով 12 օրենքներում:
Ներկայում էլ մի շարք ոլորտներ գործող տնտեսվարողները արտոնագրային վճարներ են մուծում: Սակայն այս նոր օրենսդրական փաթեթի առանձնահատկությունն այն է, որ դրանով արտոնագրային վճարներ են նախատեսվում նաև կոշկակարների, դերձակների, գլխարկագործների, գորգագործների, հյուսնների և կահույքագործների, բիժուտերիա պատրաստողների, կենցաղային տեխնիկա ու համակարգիչներ նորոգողների և ծրագրային սպասարկումներ իրականացնողների, հեծանիվներ, հաշմանդամների սայլակներ և անձնական օգտագործման կենցաղային այլ պարագաներ նորոգողների, տնտեսական և գեղազարդ խեցեգործական իրեր պատրաստողների, ժամագործների, կրկնուսույցների, պարուսույցների, անգամ թամադաների մի շարք այլ գործունեությամբ զբաղվելու համար: Մեր կողմից թվարկված ցանկը ընդամենը մի մասն է այն արհեստավորների, որոնց ՀՀ կառավարությունը ցանկանում է եկող տարվա հունվարի 1-ից հարկել:
Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի տնտեսության և հատկապես հարկային մուտքերի վիճակն այն աստիճան ողբերգական է, որ որոշել են անգամ միջոցառումների թամադաներին հարկել:
Ի դեպ, այս օրենսդրական փաթեթը Կառավարությունը հաստատել է այս տարվա ապրիլի 18-ին, երբ ողջ Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած էր ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա: Սակայն այն խորհրդարան է ուղարկվել հաստատելուց մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 12-ին, և սեպտեմբերին նոր միայն ընդգրկվել օրակարգ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: