Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինծառայողի կասկածելի մահվան մասին
ԱդրբեջանՀոկտեմբերի 6-ին զինվոր Մուրադ Ալիեւն ինքնակամ լքել է ծառայության վայրը: Որոնումների ընթացքում նրա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ի երեկոյան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը' նշելով, որ փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել ռազմական դատախազությունում:
Ընդ որում' Ադրբեջանի մամուլի ծառայությունը չի նշել, թե հատկապես որտեղ է ծառայել զինվորը, որտեղ է նրա մարմինը հայտնաբերվել եւ ինչն է եղել նրա մահվան պատճառը:
Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը: ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 129 զինծառայող եւ 139-ից ավելի վիրավոր: