Քրիստին Սան Պիեռը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարումը Քվեբեկում
Արտաքին ՔաղաքականՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Քվեբեկի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան Պիեռի հետ հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծել է, որ Քվեբեկը ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի տարբեր կառույցների աշխատանքներում։
Նախարարը վերհիշել է, որ 7 տարի առաջ՝ 2008թ. հոկտեմբերի 18-ին, հենց Քվեբեկում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 24-րդ գագաթաժողովի ընթացքում Հայաստանին ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշում ընդունվեց:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քրիստին Սան Պիեռը բարձր է գնահատել այն ակտիվությունն ու նախաձեռնողականությունը, որը ցուցաբերել է Հայաստանը Քվեբեկի գագաթաժողովից մինչ օրս, և կարճ ժամակահատվածում դառնալով Կազմակերպության լիիրավ անդամ, այսօր հյուրընկալել է այդքան կարևոր և պատասխանատու միջոցառում՝ արտգործնախարարների համաժողովը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների հանդիպման օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախարար Սան Պիեռը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարումը Քվեբեկի քաղաքական, հասարակական, մշակութային և տնտեսական կյանքում։ Նախարար Նալբանդյանն էլ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Քվեբեկի սկզբունքային դիրքորոշման համար։ Քրիստին Սան Պիեռը ներկայացրել է Կանադայում և Քվեբեկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները։