Իրանում դատապարտվել է Washington Post թերթի լրագրողը
ԻրանԹեհրանի դատարանը մեղավոր է ճանաչել Washington Post թերթի թղթակից Ջեյսոն Ռեզայանին, որն ավելի քան մեկ տարի առաջ ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ռեզայանն ունի ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիություն, նա 2012 թվականից գլխավորում էր Washington Post-ի Թեհրանի բյուրոն: Նրան մեղադրում էին «թշնամական պետությունների հետ համագործակցելու» և «հակաիրանական քարոզչության» մեջ:
Դատավճռի մանրամասներն առայժմ հայտնի չեն, այն կարող է բողոքարկվել, հաղորդել է ԻՌՆԱ-ն՝ հղում անելով դատարանի ներկայացուցիչներին:
Washington Post-ը դատավճիռը որակել է անորոշ՝ ընդգծելով, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք լրագրողին դատավճիռ է հայտարարվել:
ԱՄՆ-ի կառավարությունն ավելի վաղ անհեթեթ է համարել Ռեզայանին հասցեագրված մեղադրանքները:
ԱՄՆ-ի իշխանություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում քանից առաջադրել են Ռեզայանին ազատելու հարցը, սակայն Թեհրանը հրաժարվել է միասին քննարկել այդ երկու հարցերը: