Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան
ՏարածաշրջանԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև հոկտեմբերի վերջ տարածաշրջանային այց կկատարեն և կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործա կալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Համանախագահը տեղեկացրել է, որ նախագահների հանդիպման տեղն ու ժամկետը կախված է հենց նրանց որոշումից: «Այս հարցը կլինի մեր բանակցությունների հիմնական թեման: Նրանք տվել են իրենց համաձայնությունը բանակցություններն ինտենսիվացնելու վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ դա կարևոր քայլ է տվյալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»,- հայտնել է Ուորլիքը:
Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ՀԱՊԿ մշտական խորհրդի ժամանակ, ասել էր. «Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք տանել քաղաքական ղեկավարության հետ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների հետ: Աշնան ընթացքում հնարավոր է ևս մեկ հանդիպում: Մենք հուսով ենք, որ հնարավոր է լինի հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»: