Գազի հարցում Բաքուն չի կարող փրկել Անկարային
ԹուրքիաԱդրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբբասովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կարող փոխարինել Թուրքիա ռուսաստանյան գազի մատակարարումները, եթե վերջինս հրաժարվի ռուսական ռեսուրսից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռամբլեր»-ի նորությունների կայքը:
Աբբասովի խոսքով' պատճառը ադրբեջանական գազի բացակայությունն է, քանի որ Բաքուն արդեն առաջիկա 25 տարիների համար վաճառել է իր բոլոր արտահանման ծավալները:
«Այն գազը, որ մենք պետք է արդյունահանենք, արդեն վաճառված է մինչեւ 2040 թվականը: Եթե ավելցուկ գազ ունենայինք, ապա այն մենք կվերցնեինք մեզ», հայտարարել է փոխնախարարը:
Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայում իրավիճակի, ինչպես նաեւ ռուսաստանյան օդուժի կողմից թուրքական օդային տարածքը խախտելու պատճառով օրերս Ռուսաստանին սպառնացել էր դադարեցնել գազի ներկրումը:
«Այսօր Թուրքիան հանդիսանում է «գազի թիվ մեկ գնորդ», եւ պայմանագրի խզումը կհարվածի Ռուսաստանից էներգառեսուրսների արտահանմանը», -հայտարարել էր նա:
Դրանից հետո Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Սիրիայում քաղաքական շահերի համար Անկարան չի զոհելու Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Նման կարծիք էին հայտնել նաեւ Կրեմլում, եւ հույս հայտնել, որ թուրք գործընկերները կպահպանեն նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում' նաեւ գազատարների հարցում: