Կուբայի երաժշտական խումբը կես դարում առաջին անգամ ելույթ կունենա ԱՄՆ-ի Սպիտակ տանը
ԱշխարհԿուբայի երաժշտական խումբը վերջին կես դարում առաջին անգամ ելույթ կունենա ԱՄՆ-ի Սպիտակ տանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Մայամիում լույս տեսնող «Մայամի Հերալդ» իսպանալեզու հրատարակությունը:
Կուբայական «Բուենա Վիստա Սոուշլ Քլաբ» հռչակավոր անսամբլը հոկտեմբերի 15-ին հանդես կգա ԱՄՆ-ում լատինամերիկյան ժառանգության ազգային ամսվա ավարտի առթիվ կայանալիք միջոցառմանը, որին ներկա կլինի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Տոնակատարության ծրագիրը նախատեսում է պետության ղեկավարի ճառը: Արարողությանը հրավիրվածների թվում է նաև ԱՄՆ-ում Կուբայի դեսպան Ռամոն Կաբանյասը:
Կուբան և ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերությունները վերականգնել են այս տարվա հուլիսին՝ հարաբերությունների ավելի քան կեսդարյա խզումից և փոխադարձ անվստահությունից հետո: Ներկայումս երկու երկրները բանակցություններ են վարում երկկողմ կապերի լիակատար նորմալացման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: