Էրդողանն Աբդուլ Համիդ սուլթանի պալատն իր աշխատանքային գրասենյակը կդարձնի
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օսմանյան կայսրության ամենաարյունահեղ սուլթանը համարվող Աբդուլ Համիդ 2-ի սուլթանական պալատը՝ Յըլդըզը, կդարձնի իր աշխատանքային գրասենյակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Յըլդըզ պալատը նախագահական ապարատին շնորհվելուց հետո վերանորոգվել է, և ակնկալվում է, որ արդեն 2016 թվականից Էրդողանն այն օգտագործելու է ինչպես արտերկրից եկած, այնպես էլ ներսի պատվավոր հյուրերի ընդունելության համար: Հենց այս պալատում էր կայացել Էրդողանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ սրահի բազկաթոռները, որոնք չափից ավելի ոսկեզօծ, ճոխ ու անճաշակ էին, սոցցանցերում և միջազգային ԶԼՄ-ներում լայն քննարկման և զավեշտի առիթ էին դարձել:
Յըլդըզ պալատը կառուցվել է Սելիմ 3-րդ սուլթանի օրոք նրա մոր՝ Միհրիշանի համար, սակայն Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ այն սկսել է օգտագործվել որպես սուլթանական գլխավոր պալատ: