Նոր տվյալներ ՌԴ-ում բուժում ստացող տուժածների վերաբերյալ. ԱՆ
ԱՐԽԻՎՌԴ Ուզլովսկ քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը' վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով:
Վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցից դուրս գրված և Հայաստան տեղափոխված երկու հիվանդից մեկը բուժումը շարունակում է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուսը առողջացումով տուն է վերադարձել:
Այժմ քննարկվում է Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող հիվանդի' Երևան տեղափոխելու հարցը: