ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կասեցնում է փախստականների ընդունումը երկրի տարածքում
ԱՄՆԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունել է հանրապետականների առաջարկած օրինագիծը, որի համաձայն՝ պետք է դադարեցվի Սիրիայից եւ Իրաքից գաղթականների ընդունման ծրագրի գործողությունը: Փաստաթուղթը նաեւ կոչված է ապագայում խստացնել բոլոր այն ներգաղթյալների ստուգումները, որոնց պլանավորվում է ընդունել երկրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ որոշման օգտին քվեարկել են 289 կոնգրեսականներ, դեմ են արտահայտվել պալատի 137 անդամներ:
Նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո հանրապետականները հայտարարել էին, որ երկրում պետք է դադարեցվի այն մարդկանց ընդունելու գործընթացը, ովքեր փախչում են Սիրիայի եւ Իրաքի հակամարտություններից, որպեսզի ստեղծվի փախստականների ստուգման ավելի արդյունավետ ու խիստ համակարգ:
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո կդնի այդ փաստաթղթի վրա: Օբամայի վարչակազմի կարծիքով՝ այդ նախաձեռնությունը «անվտանգության լրացուցիչ միջոցառումներ չի ենթադրում» ամերիկացիների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: