Հրանտ Դինքի մարդասպանին 6 ոստիկան են հետևել
ԱշխարհՀրանտ Դինքի սպանության հետ կապված պետական ծառայողների վերաբերյալ հետաքննության մեջ նոր ապացույցներ են ի հայտ եկել. սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթին հետևել են քաղաքացիական հագուստով 6 ոստիկան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber կայքը՝ նշելով, որ ապացույցներով հաստատվում է հանցագործության մեջ պետության պատասխանատվությունը:
Պարզվել է, որ մինչ սպանությունը Սամասթը քաղաքային տաքսաֆոններից 3 անգամ զանգահարել է, սակայն նրա հեռախոսազրույցների ձայնագրությունները չեն ուսումնասիրվել, և այն տաքսաֆոնները, որտեղից նա զանգահարել է, սպանությունից անմիջապես հետո փոխվել են նորերով:
Ձայնագրությունների հետազոտություններից պարզվել է, որ մարդասպանին սպանությունից առաջ և հետո հետևել են քաղաքացիական հագուստով 6 ոստիկան: Նրանցից 6-ը ֆիքսվել են խանութների անվտանգության տեսախցիկների կողմից:
Օրեր առաջ Ստամբուլի դատախազությունը հայտնել էր, որ Դինքի սպանության պահին տարածքում հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել, որոնք հետևել են մարդասպանի գործողություններին:
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության է դատապարտվել, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել: