Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է ինքնաթիռը կործանելու փաստը
ԹուրքիաԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ԶՈՒ գլխավոր շտաբից հաստատել են, որ ինքնաթիռը կործանել են թուրքական F-16-ները:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «2015 թվականի նոյեմբերի 24-ին 09:20-ի շրջանում անհայտ պատկանելության ինքնաթիռը Հաթայի Յայլադաղը շրջանում խախտել է Թուրքիայի օդային սահմանը՝ չնայած մի քանի անգամ (5 րոպեի ընթացքում 10 անգամ) արված նախազգուշացումներին: Միջազգային համաձայնագրերի շրջանակում վերոնշյալ ինքնաթիռը 09:24-ին այդ տարածքում թռիչքներ իրականացնող մեր երկու F-16 ինքնաթիռի կողմից կործանվել է»:
Ավելի վաղ ինքնաթիռի կործանման առնչությամբ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտնելով դեպքի մանրամասները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի տարածքում ենթադրաբար ցամաքից արձակված կրակոցներից կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին: Ռուսական կողմը հավաստիացնում է, որ կործանված ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, ինչն ամրագրված է հսկման օբյեկտիվ մեխանիզմներով: