Թունիսում արտակարգ դրություն է հայտարարված ահաբեկչական գործողությունից հետո
ԱշխարհԹունիսի նախագահ Բեժի Կայիդ էս-Սեբսին նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո հայտարարել է 30 օրով երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Նաև հաղորդվում է երկրի մայրաքաղաքում պարետային ժամ սահմանելու մասին:
Նոյեմբերի 24-ին Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում պայթեցվել է նախագահի թիկնապահներին փոխադրող ավտոբուսը: Երկրի իշխանությունները տեղի ունեցածը գնահատել են ահաբեկչական գործողություն: Թունիսի նախագահի վարչակազմի տվյալների համաձայն՝ ահաբեկչական գործողության զոհ է դարձել 12 մարդ, ևս 17 հոգի վերքեր են ստացել:
Ինչպես ավելի վաղ Sputnik գործակալությանը հայտնել է անվտանգության ուժերի մի աղբյուր, ըստ վերջին վարկածի, պայթյունն իրականացրել է մահապարտը: Նա մոտեցել է ավտոբուսին ու պայթեցրել է իրեն:
Հաղորդվում է, որ նախագահ Բեժի Կայիդ էս-Սեբսին չեղյալ է հայտարարել նոյեմբերի 25-26-ին Շվեյցարիա պլանավորված այցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: