Խոցված Սու-24-ի օդաչուին հետմահու կպարգևատրեն Ռուսաստանի Հերոսի աստղով
ԱՐԽԻՎՍիրիայի տարածքում թուրքական կործանիչի կողմից խոցված Սու-24-ի զոհված օդաչուն կպարգևատրվի Ռուսաստանի Հերոսի աստղով:
«Օդանավի հրամանատարը Ռուսաստանի Դաշնության Հերոսի աստղով կպարգևատրվի հետմահու»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Խոսելով երկրորդ օդաչուի մասին՝ նախագահն ասել է. «Նա փրկված է, նա ղեկապետն է, նա գտնվում է արդեն մեր ռազմակայանում»: «Նրան նույնպես, ինչպես և գործողության մյուս բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ փրկարար գործողության մասնակիցներին, կշնորհվեն պետական պարգևներ»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ այն մասին, որ Ռուսաստանի և Սիրիայի հատուկ ստորաբաժանումները փրկել են Սու-24-ի ղեկապետին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Գործողությունն ավարտվել է հաջող: Ղեկապետը տարվել է մեր ռազմակայան: Ողջ, առողջ է»,- նշել է նախարարը: