Էյֆելյան աշտարակը ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովի առթիվ լուսավորել են կանաչ գույնով
ԱշխարհԷյֆելյան աշտարակը նոյեմբերի 29-ի երեկոյան նոր լուսավորում է ստացել, որը հատուկ արվել է Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովի (COP-21) անցկացման առթիվ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սովորական դեղին լուսավորման փոխարեն Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն այժմ ֆոն է ծառայում կանաչ երանգներով լուսային շոուի համար, որի ընթացքում հուշարձանի կառուցվածքի վրա վիրտուալ ծառ է աճելու:
Ինստալացիայի հեղինակը նկարչուհի բելգիացի Նազիխա Մեստաուին է: Նրա նախագիծն ստացել է «Մեկ սիրտ, մեկ ծառ» անվանումը: Նկարչուհու մտահղացմամբ՝ բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել այդ ակցիային՝ միաժամանակ ավանդ ներդնելով մոլորակի կանաչապատման գործում:
Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել հատուկ շարժական հավելված, որի օգնությամբ կարելի է սեփական «ազդակն» ուղարկել Էյֆելյան աշտարակի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: