Դավութօղլուն կայցելի Ադրբեջան
ՏարածաշրջանԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 1-ին մեկնում է Կիպրոսի թուրքական հատված: Դա նրա առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է' օրերս թուրքական խորհրդարանում 64-րդ կառավարության նկատմամբ վստահություն ստանալուց հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով TRTHaber-ը, Դավութօղլուն կիպրաթուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքընջըի հետ կքննարկի Կիպրոսի վերամիավորման հարցում ի հայտ եկած զարգացումները, կհանդիպի կիպրաթուրքական խորհրդարանի խոսնակի և վարչապետի հետ:
Sputnik.az-ը, հղում կատարելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը, հայտնել է, որ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ի կեսօրին կայցելի Ադրբեջան: Նույն օրը նա կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի հետ, իսկ հաջորդ օրը ելույթ կունենա Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում: Թուրքիայի վարչապետի այցն Ադրբեջան կավարտվի դեկտեմբերի 4-ին:
Թուրքիայում ավանդույթի է վերածվել յուրաքանչյուր նոր կառավարություն ձևավորվելուց հետո երկրի վարչապետի և նախագահի այցերը Կիպրոսի թուրքական հատված և Ադրբեջան: