Ըստ ՀԿԿ ներկայացուցչի՝ ընտրացուցակներում ընդգրկված մարդկանց թիվն արժանահավատ չէ
ՀասարակությունԱյսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ընտրախախտումներին՝ Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ, ՀԿԿ նախընտրական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ մարզերում խոչընդոտների չեն հանդիպել, բայց վախվորածություն է զգացվում ու քիչ մարդիկ են գալիս հանդիպումներին: Ընտրացուցակների մասին էլ ասաց, որ ընտրացուցակներում ընդգրկված մարդկանց թիվն արժանահավատ չէ:
«Այդքան մարդ գուցե գրանցված է, բայց այստեղ չեն ապրում: Հանկարծ չլինի, որ չեկած մարդկանց փոխարեն լցոնումներ անեն: Իսկ սոցհարցումներն ուղղակի ընտրողներին ապակողմնորոշելու համար են»,- կարծիք հայտնեց նա:
Սաֆարյանը վերահաստատեց, որ ընտրողների 10%-ի ձայներն են ակնկալում, եթե անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ: Հարցին, որ եթե չեք հավատում նման ընտրությունների անցկացմանը, ինչու եք մասնակցում, պատասխանեց.
«Մասնակցում ենք, որ այլընտրանք լինի, ժողովուրդն ընտրելու հնարավորություն ունենա: Մենք մեր գաղափարախոսությամբ այլընտրանք ենք»,- համոզված է Սաֆարյանը:
Ի դեպ, նշենք, որ Կոմկուսը վաղը մայիսի 1-ի կապակցությամբ քայլերթ է կազմակերպելու: