Ադրբեջանական «Գյունեշլի» հարթակի` դեկտեմբերի սկզբին սկսված հրդեհը շարունակվում է
ՏարածաշրջանԱդրբեջանական «Գյունեշլի» նավթային հանքահորի թիվ 10 վթարային հարթակում դեկտեմբերի 4-ին սկսված հրդեհը, որը դարձել էր տասնյակ նավթագործների ողբերգական մահվան պատճառ, դեռևս շարունակվում է, կրակն անցել է նաև որոշ հորատանցքեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ չնայած Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության այն հայտարարություններին, որ որոշ հորատանցքերում կրակը հանգցվել է, խոսել «Գյունեշլի-10»-ում հրդեհի ամբողջությամբ լիկվիդացման մասին, հնարավոր չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս այդ համատեքստում խոսել հորատանցքերում հրդեհը «խլացնելու, զարգանալ թույլ չտալու» մասին, քանի որ դրանցում հրդեհի ժամանակ պետք է ոչ միայն կանգնեցնել այրումը, այլ նաև կանխել հեղուկ ածխաջրածինների՝ շրջակա միջավայր թափանցելը:
Ըստ գործակալության՝ կարելի է ապարդյուն անվանել նաև անհետ կորած նավթագործների որոնումները. դեկտեմբերի 5-ին ալեկոծված ծովում հայտնված 30 անձանցից մինչ այժմ հայտնաբերվել են 11 հոգու մարմինները: 19 նավթագործների մարմինների որոնումները դեռևս շարունակվում են:
Դեկտեմբերի 4-5-ին Կասպից ծովում «Գյունեշլի-10» հարթակում գազի արտահոսքից սկսված հրդեհի ժամանակ այնտեղ եղել է 63 նավթագործ, որոնցից հաջողվել է փրկել միայն 32 հոգու:
Հետաքրքիր է, որ վթարից հետո առաջին հայտարարության մեջ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը վստահեցրել էր, որ ոչ ոք չի զոհվել, և բոլորը փրկվել են:
«Թուրան»-ը գրում է, որ Ադրբեջանում վերջին երեք տարին նավթային հարթակների վրա վթարները տեղի են ունենում պարբերաբար, ինչը վկայում է աշխատանքների ղեկավարման, ինչպես նաև անվտանգության ապահովման մեջ լուրջ խնդիրների առկայության մասին:
Նման վթար թիվ 441 հարթակում տեղի էր ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն ժամանակ զոհվել էր 5 մարդ:
2013 թվականի օգոստոսի 17-ին «Բուլլա դենիզ» նավթահորի թիվ 90 հարթակում տեղի ունեցած հրդեհն արտասահմանյան ընկերությունների օգնությամբ հաջողվել էր մարել երեք ամիս հետո:
Մասնագետների կարծիքով՝ ադրբեջանական նավթային հարթակներում հրդեհներն ու վթարները տեղի են ունենում մարդկային գործոնի' ղեկավարության մեղքով: Նրանք բազմիցս նշել են, որ այդ վթարները ղեկավարության կողմից լրացուցիչ եկամուտ ստանալու, կապիտալ վերանորոգումները հետաձգելու հետևանք են: