«Ալ-Քաիդա»-ն պատմել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների «ոգեշնչողի» մասին. Independent
Համաշխարհային Մամուլ«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է մի հոդված, որում առաջին անգամ պատմել է այն մասին, թե ինչն է «ոգեշնչել» իր առաջնորդ Ուսամա բեն Լադենին՝ ԱՄՆ-ում 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների կազմակերպման համար, գրում է The Independent-ը:
Ինչպես նշվում է, Բեն Լադենին տպավորել էր EgyptAir ընկերության 990 չվերթի հետ կատարված դեպքը, որը 1999 թվականի հոկտեմբերին Լոս Անջելեսից Կահիրե ուղևորվելիս կործանվել է Ատլանտյան օվկիանոսում: Ողբերգության հետևանքով զոհվել է 217 մարդ, որոնց մեծ մասն ամերիկացիներ են եղել:
Այն ժամանակ ողբերգության մեղավորը 59-ամյա եգիպտացի օդաչուն է եղել, որը միտումնավոր վթարի է ենթարկել մարդատար օդանավը:
Երբ Բեն Լադենը լսեց այդ լուրը, նա հարցրեց. «Ի՞նչու նա ինքնաթիռը չի հարվածել որևէ շենքին»: Հենց այն ժամանակ ահաբեկիչը սկսեց պլանավորել Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակման ռազմավարությունը, հաղորդում է պարբերականը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների պատասխանատվությունը դրել է երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վրա: