ԲՀԿ-ն առաջադրելու է ՄԻՊ սեփական թեկնածուին
ՔաղաքականԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց, որ իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:
«Երեկ խմբակցությունում մենք քննարկել ենք հարցը ու որոշել ենք առաջադրել Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Միգուցե նրա անունը ձեզ շատ բան չի ասում, բայց նա շատ պրոֆեսիոնալ երիտասարդ է, ով միջազգային կառույցներում աշխատելու փորձ ունի: Նրանք են, որ կարող են հավուր պատշաճի իրականացնել մեր երկրի գլխավոր իրավապաշտպանի գործունեությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին ի պատասխան, թե ինչու չեն պաշտպանում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը՝ ԲՀԿ-ական պատգամավորը ներկայացրեց իր անձնական մոտեցումը: «ՄԻՊ-ը պետք է լինի հնարավորինս անաչառ: Հարգելով Զարուհի Փոստանջյանի սկզբունքայնությունը՝ այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՄԻՊ-ը չպետք է լինի խիստ ընդգծված արմատական գործիչ և ոչ էլ ընդգծված իշխանական գործիչ»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ քաղաքականացված անձը չպետք է լինի այդ պաշտոնում:
ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ հայտնեց, որ ինքը Փոստանջյանին անձամբ խոստացել է քվեարկել նրա օգտին, եթե նա լինի թեկնածուների շարքում:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ ինքը կողմ է ՄԻՊ-ի պաշտոնում տեսնել Զարուհի Փոստանջյանին, բայց դեռ չեն որոշել մասնակցելու են քվեարկությանը, թե ոչ:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՄԻՊ-ի իրենց թեկնածուների մասին դիմումները հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը: