Թուրքական բանկերը հեռանում են ռուսաստանյան շուկայից
ՌուսաստանՌուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը ստիպում է ռուսաստանյան բանկերի թուրք սեփականատերերին կրճատել կապիտալը, անգամ հեռանալ շուկայից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:
ՌԴ-ում թուրքական կապիտալով խոշորագույն «Կրեդիտ Եվրոպա» բանկը հանվել է վաճառքի: Դա առաջին դեպքն է, բայց բարդ քաղաքական իրավիճակի և տնտեսության լճացման պայմաններում նրա օրինակին կարող են հետևել նաև թուրքական կապիտալով մյուս ընկերությունները, ընդ որում՝ ոչ միայն բանկային ոլորտում: «Գնորդի որոնումը սկսվել է հունվարի կեսերին», -հայտնել է հրատարակչության աղբյուրը: Որոնումով զբաղվում է դրա համար հատուկ ընտրված Morgan Stanley ներդրումային բանկը, հավելել է մյուս աղբյուրը:
Բանկի վաճառման պատճառը 2015 թվականի վերջին ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն է, նշում են թերթի աղբյուրները:
«Կրեդիտ Եվրոպա» բանկը թուրքական կապիտալով բիզնեսի ծավալով խոշորագույն բանկն է Ռուսաստանում: Բանկի 99,9 տոկոս բաժնեմասը պատկանում է Credit Europe Bank NV-ին (Հոլանդիա), որի սեփականատերը Թուրքիայի քաղաքացի Հյուսնու Մուստաֆա Օզեյգինն է: Բանկը Ռուսաստանում աշխատում է 1994 թվականից' «Ֆինանսբանկ» անվան տակ: Այն «Կրեդիտ Եվրոպա» է վերանվանվանվել 2007 թվականին:
ՌԴ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Անկարան պնդում է, որ Սու-24-ը մտել էր իր օդային տարածքը: ՌԴ-ի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ինքնաթիռը չի հատել սահմանը, ինչը հաստատում է սիրիական հակաօդային պաշտպանությունը: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների և Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: