Զարուհի Փոստանջյանը միանշանակ համապատասխանում է ՄԻՊ պաշտոնին. Արմեն Մարտիրոսյան
Քաղաքական«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ոչ միայն տեսնում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, այլև կարծում է, որ խիստ ցանկալի է, որ Հայաստանն ունենա Զարուհի Փոստանջյանի նման Մարդու իրավունքների պաշտպան:
«Նրա գործունեությունն, ըստ էության, իրավապաշտպան գործունեություն է, նույնիսկ որպես պատգամավոր՝ Զարուհին մարդու իրավունքների պաշտպանության հարցերով է զբաղվել այս տարիների ընթացքում, և միանշանակ է, որ համապատասխանում է այդ պաշտոնին:
Բացի այդ, այժմ առաջադրված թեկնածուներից միայն ինքն է, որ օրենքին համապատասխանում է. մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն է ծավալել, հասարակության կողմից ճանաչված է, հարգանք ունի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Վերջինս նշեց, որ Փոստանջյանը քաղաքական առումով կարող է ՄԻՊ ինստիտուտի քաղաքականությունը համապատասխան մակարդակի վրա պահել:
Անդրադառնալով հարցին՝ ինքը Զարուհի Փոստանջյանին կցանկանա տեսնել Մարդու իրավունքների պաշտպանի՞ պաշտոնում, թե՞, այնուամենայնիվ, Ազգային ժողովում, Մարտիրոսյանն ասաց.
«Եթե մարդ դրական գործունեությամբ է առանձնանում, անկախ նրանից, թե որտեղ է այդ գործունեությունը ծավալում, բնականաբար, իր երկրի ու հասարակության համար նպաստավոր գործունեությունը կշարունակի»: