Էրդողանին զայրացրել է Վաշինգտոնի կողմից սիրիացի քրդերին աջակցելու փաստը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին՝ Սիրիայի քրդական կուսակցությանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք ապացույցներ ունենք: Մենք ասում ենք ամերիկացիներին՝ դա ահաբեկչական խմբավորում է, սակայն ամերիկացիները պատասխանում են, որ նրանց ահաբեկչական խմբավորում չեն համարում»,- ասել է Էրդողանը:
«Քանի որ դուք նրանց ահաբեկիչներ չեք ճանաչել, ամբողջ տարածաշրջանը վերածվել է արյան ծովի»,- հայտարարել է թուրք առաջնորդը:
Նշենք, որ նախօրեին թուրքական իշխանություններն ԱՄՆ դեսպանին կանչել էին բացատրություններ տալու այն բանից հետո, երբ ԱՄՆ պետդեպի մամուլի քարտուղար Ջոն Կիբրին հայտարարել էր, որ «Ժողովրդավարական միություն» սիրիական քրդական կուսակցությունն ահաբեկչական կազմավորում չի համարում:
Թուրքիան վերոնշյալ կուսակցությանը դիտարկում է որպես Քրդական աշխատավորական կուսակցության դաշնակից: