Տոնական համերգ-հանդիսություն` նվիրված Մայիսյան պանծալի հաղթանակներին
Science and cultureՍ. թ. մայիսի 3-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների երգերը» խորագիրը կրող թատերականացված տոնական համերգը, որին ներկա են գտնվել Նախագահ Սերժ Սարգսյանը' տիկնոջ հետ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մայիսյան պանծալի հաղթանակները կերտող հերոսներին ու վետերաններին, մարտի դաշտում իրենց կյանքը զոհաբերած ռազմիկների հիշատակը հավերժացնող, հարգանքի ու մեծարման այս երեկոյին ներկայացվող սիրված երգերի նորովի կատարումները հնչել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան/ նվագակցությամբ:
Տոնական համերգի ավարտին երկրի Նախագահը հանդիպում է ունեցել պատերազմի և աշխատանքի վետերանների հետ:
Նույն օրը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում, մայիսյան եռատոնին նվիրված' անցկացվել է ՀՀ մշակույթի նախարարության մեկ այլ նախաձեռնություն ևս «Իմ և մեր հաղթանակները» թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողների լավագույն աշխատանքների ցուցադրություն և մրցանակակիրների պարգևատրում:
Ս. թ. ապրիլի 27-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում կազմակերպված բաց ցուցադրության արդյունքում Մայիսի 9-ի եռատոնին նվիրված «Իմ և մեր հաղթանակները» թեմայով լուսանկարչական մրցույթին ներկայացված աշխատանքները ժյուրին ամփոփել է և մրցույթի հաղթողներ է ճանաչել. 1-ին տեղ` «Հավերժ հաղթանակ» /Հայկ Կիրակոսյան /, 2-րդ տեղ` «Հավատք» /Հովհաննես Նազարեթյան /, 3-րդ տեղ` «Հաղթողը» /Արմեն Ենգոյան/ գործերի հեղինակներին: