Շենքեր են «բուսնում», որոնք խեղդում են հրապարակը. ճարտարապետ
ՀայաստանԱրվեստագետներն ահազանգում են, որ Հին Երևանից այլևս ոչինչ չի մնացել: Ամեն օր ապամոնտաժվում են Հին Երևանը հիշեցնող շենքերը, կառույցները՝ դրանց փոխարեն «վեր խոյացնելով» բարձրահարկ շինություններ, հյուրանոցային համալիրներ և այլն: Այս անգամ հերթը հասավ Ամիրյան 2 հասցեում գտնվող՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքին:
Վերջերս հրապարակվեց Ամիրյան 2 հասցեում կառուցվելիք շենքի նախագիծը: Այն հրապարակել է ճարտարապետ Դավիթ Մկրտչյանը, իսկ հեղինակը «NST Architects» ընկերությունից Իսահակ Ներսիսյանն է։ Արդեն հայտնի է, որ գրադարանի շենքի փոխարեն կառուցվելու է 6-7 հարկանի հյուրանոցային համալիր։ Դա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց թե՛ քաղաքացիների, թե՛ ճարտարապետների և թե՛ արվեստագետների շրջանում։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ճարտարապետ Յուրի Սաֆարյանը նշում է, որ օր օրի վեր խոյացող բարձրահարկ շինությունները խեղդում են: «Հանրապետության հրապարակի կողքն էլ շենքեր են «բուսնում», որոնք իրենց մասշտաբով, հարկերի քանակով խեղդել են հրապարակը: Դա շատ վատ է: Հին Երևանից որոշ բաներ շարքից դուրս են եկել: Մենք որպես հիշատակ պետք է շատ բան պահպանենք Հին Երևանից, ժողովրդի համար դա մեծ նշանակություն ունի: Եթե հիշողությունը չես պահպանում, ուրեմն կորցնելու շատ բան ունես»,- նշեց ճարտարապետը:
Իսկ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հակառակ կարծքին է: Նա գտնում է, որ Ավ. Իսահակյանի գրադարանի շենքի տեղում կառուցվելիք նոր համալիրը եղած տարբերակներում ամենահարմարն է։ «Ամեն մեկը յուրովի է մոտենում դրան։ Աշխարհում ընդունված է, որ ապակյա ֆոն են անում։ Ինձ թվում է՝ այն շատ իներտ շենք է, և դա չի խանգարում։ Նախագիծը պետք է արվի այնպես, որ ինչ-որ ֆունկցիոնալ լուծումներ լինել: Այն լինելու է հյուրանոցային կոմպլեքս: Քաղաքացիները հարյուր հազար են, մեկին կարող է դուր գալ, մյուսին կարող է դուր չգալ։ Դրա համար կա նախագիծ. եղածների մեջ իր մասշտաբով ամենահարմարը սա է»,- ասաց ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։