Մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել. ԿԳ նորանշանակ նախարար
ՔաղաքականՀՅԴ-ում պաշտոնների համար տարաձայնություններ չեն եղել, տեղի են ունեցել քննարկումներ, քանի որ Դաշնակցությունն ունի կադրային լայն բազա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հարցին՝ մամուլում հրապարակումներ են եղել, որ Կրթության և գիտության նախարարի պաշտոնի համար պայքարը եղել է Լևոն Մկրտչյանի և Լիլիթ Գալստյանի միջև, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել: Քննարկվել է, մենք ունենք լայն կադրային բազա: Բացի Լիլիթ Գալստյանից, կարող է ևս 5-6 մարդու անուն ասվել, ովքեր կարող էին այդ պաշտոնը զբաղեցնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրչտյանը:
Միաժամանակ, նորանշանակ նախարարը երկու շաբաթ ժամանակ խնդրեց լրագրողներից՝ Կրթության և գիտության նախարարությանն առնչվող բոլոր հարցերին պատասխանելու համար: «Կրթության և գիտության նախարարությունն այն եզակի նախարարություններից է, որտեղ 15-20 տարի նույն հաջորդական ծրագրերն են իրականացվում: Երևի ժամանակն է արդեն, որ մենք ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակին առնչվող խնդիրներին: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի կարողանամ հասկանալ, թե ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո մամուլի ասուլիսով կտամ հարցերի պատասխանը»,- ասաց նախարարը:
Խոսելով կադրային փոփոխությունների մասին՝ Մկրտչյանը նշեց, որ իր համար կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի չափման միավորը նախևառաջ նրա պրոֆեսիոնալիզմն է, այլ չափման միավոր չի եղել և չի լինի: