Ուկրաինայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի. Պորոշենկո
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վերստին հաստատել է Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ թույլ չտալու և խորհրդարանական կոալիցիայի ներկայիս կազմը պահպանելու իր մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ կայացած հանդիպումից հետո:
«Ուկրաինայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ չեն լինի: Խորհրդարանական կոալիցիան կմնա միասնական և միտված կլինի բարեփոխումների անցկացմանն ու եվրոպական ընտրությանը»,- ասել է նա:
Պետության ղեկավարը հավելել է, որ պլանավորում է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը կարգավորել մինչև ընթացիկ ամսվա վերջը: «Ես հուսով եմ, որ մինչև ամսվա վերջը մենք քաղաքական լուծում կգտնենք: Ցանկանում եմ հայտարարել, որ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ չեն լինի»,- ընդգծել է Պորոշենկոն:
Նախագահը հավաստիացրել է, որ Ռադայի կոալիցիան պատասխանատվություն կկրի երկրում բարեփոխումների գործընթացի, ինչպես նաև Կիևի հետագա եվրոպական ինտեգրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: