Պուտինը Քադիրովին Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Քադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին ու հույս հայտնել, որ նա արդյունքում կմասնակցի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Քադիրովի հետ հանդիպմանը Պուտինը հիշեցրել է, որ վերջինիս լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 5-ին:
«Ես այսօր հրամանագիր եմ ստորագրել ձեզ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին, հուսով եմ, որ կմասնակցեք սեպտեմբերյան ընտրություններին»,- ասել է Պուտինը Քադիրովին: ՌԴ նախագահը նշել է, որ այդ հրամանն ստորագրել է՝ ելնելով այն բանից, թե ինչ է վերջին տարիներին արվել չեչենների, Չեչնիայի Հանրապետության համար:
Գործակալությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Քադիրովն արդեն որոշում է կայացրել մասնակցել Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններին: