Իրանահայ համայնքը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին
ՍփյուռքԹեհրանի առաջնորդանիստ Ս.Սարգիս, Ս.Թարգմանչաց, Ս.Գրիգոր Լուսավորիչ, Ս.Վարդանանց եւ Ս.Աստվածածին եկեղեցիներում ապրիլի 8-ին առավոտյան պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստի հատուկ արարողություն' ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ընկած զինվորների և խաղաղ բնակիչների հոգիների խաղաղության համար:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը ներկա են գտնվել Ս.Թարգմանչաց և Ս.Սարգիս եկեղեցիներում կայացած արարողություններին:
Ս.Թարգմանչաց եկեղեցում ՀՀ դեսպանը հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչներին, խոսվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին տիրող վիճակի և Արցախին Իրանի հայ համայնքի աջակցության հարցերի մասին:
Իրանահայ համայնքը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին այս դժվար պահին: Եկեղեցիներում արարողություններին զուգահեռ տեղի են ունեցել ստորագրահավաք և ինքնաբուխ նվիրատվություն ժողովրդի կողմից, որը դեռ շարունակվում է: