Գայլի սպանելու համար Հայաստանում կտրվի 100 հազար դրամ պարգևավճար
ՀայաստանՀայաստանի կառավարությունն ապրիլի 21-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել ավելի քան 24 միլիոն դրամ՝ գայլերին սպանելու համար պարգևավճարներ հատկացնելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ գումարը նախատեսված է 200 գայլի համար: «Յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգևավճարը կկազմի 123 հազար դրամ (պահումներ կատարելուց հետո յուրաքանչյուր որսորդ կստանա 100 հազար դրամ-հեղ.): Որոշումն ընդունվում է գայլերի թվաքանակը կարգավորելու և բնության մեջ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու, ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող վնասը կանխարգելելու նպատակով»,- ասաց նա:
Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած որոշման այն ենթակետը, որով թույլատրվում էր որս իրականացնել ինքնաորս գործիքներով՝ թակարդներով, քանի որ դրանցով, գայլերից բացի, որսվում են նաև այլ կենդանիներ: