Պարզվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած անձի ինքնությունը
SocietyՄայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժնում, որ նույն օրը, 11.00-ի սահմաններում, Երևանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ կատարելիս ոմն Վարդան խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը, այն է' մոտեցել է իրեն, դիտավորյալ հարվածելով իր ձախ ձեռքին' գետնին է գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը' դրանով իսկ խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Վարդանի ինքնությունը: Վնասի չափը պարզվում է:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին ասված է ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։