Կարմիր բերետավորները ենթարկվել են կարգապահական տույժի
ԲլոգոսֆերաԱպրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Ըստ այդմ՝ ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» անունով նախաձեռնության անդամներն Ազատության հրապարկում բողոքի ակցիայից հետո որոշել էին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26՝ Նախագահական նստավայր։ Սակայն, ոստիկանության ծառայողները թույլ չէին տվել։ Տեղի էր ունեցել բախում ոստիկանների և ակտիվիստների միջև, որի ընթացքում բերման էին ենթարկվել նաև օպերատորներ։ Նրանց տեխնիկային վնաս էր պատճառվել։