Թուրքիան կարող է ցամաքային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում. Դավութօղլու

2016-05-04 12:54:49

Թուրքիան կարող է միայնակ ցամաքային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում, եթե դա անհրաժեշտ լինի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Դավութօղլուն դրա համար որպես պատճառ նշել է այն, որ վերջին ամիսներին Թուրքիայի տարածքն, իբրև, կանոնավոր գնդակոծությունների է ենթարկվում Սիրիայի այն շրջաններից, որոնք վերահսկվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից:

«Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը լուրջ սպառնալիք է հանդիսանում Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ Թուրքիան, իբր, ակտիվ պայքար է տանում ԻՊ-ի դեմ:

Միջազգային հանրությանը քաջ հայտնի է այն մասին, որ Թուրքիան բազմակողմանի ռազմական օգնություն է ցուցաբերում Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ ԻՊ-ին:

Անկարային խիստ անհանգստացնում է այն, որ Սիրիայում ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում սիրիացի քրդերը մեծ հաջողությունների են հասնում՝ ահաբեկիչներից ազատագրելով Սիրիայի հյուսիսային շրջանները: Թուրքիան ԻՊ-ի դեմ կռվող սիրիացի քրդերի Ժողովրդի պաշտպանության ուժեր (YPG) կազմակերպությունն ահաբեկչական է համարում՝ երկյուղելով այն բանից, որ հնարավոր է սիրիացի քրդերը ինքնավարություն ստեղծեն Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հյուսիսային հատվածում:

Բացի այդ, Թուրքիան ցանկանում է ամեն պատրվակ օգտագործելով ստանալ Արևմուտքի թույլտվությունը Սիրիայի հյուսիսում՝ իր հետ սահմանակից 98 կմ խորությամբ քրդաբնակ հատվածում այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելու համար, որպեսզի սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելու անվան տակ զորքեր մտցնի, ասել է թե բռնազավթի Սիրիայի այդ հատվածը:

Դիտվել է 1051 անգամ:


Լրահոս
23 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը