Հալեպում ուժի մեջ է մտել «լռության ռեժիմը»

2016-05-05 12:23:22

Հալեպում մայիսի 5-ի ժամը 01:00-ից ուժի մեջ է մտել «լռության ռեժիմը»: Ինչպես հայտարարել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը, Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում կրակը պետք է ամբողջովին դադարեցվի 48 ժամով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սուրիա» հեռուստաալիքին:

Միաժամանակ երկարացվել է «լռության ռեժիմի» գործողությունը Դամասկոսի մերձակա Արևելյան Գուտա տարածաշրջանում և Լաթաքիայի նահանգի հյուսիսում: Ռազմական գործողություններն այնտեղ դադարեցվել էին ապրիլի 30-ին ռուսական և ամերիկյան կողմերի նախաձեռնությամբ:

Փորձագետներն այն կարծիքին են, որ Սիրիայում հրադադարի ճակատագիրն այժմ մեծապես կախված է այն բանից, թե կհաջողվի արդյոք կանգնեցնել մարտական գործողությունները Հալեպում: Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ընդգծել է, որ «Հալեպում կրակի դադարեցումը կնպաստի Ժնևում միջսիրիական բանակցությունների վերսկսմանը»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մայիսի 4-ի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը հորդորել է Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին՝ «անհապաղ կատարել Հալեպում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում վերջին շաբաթներին «զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տասնյակ կանայք ու երեխաներ»:

Նա կոչ է արել անհապաղ վերջ դնել «Հալեպում իրականացվող սպանդին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 219 անգամ:

Լրահոս
23 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը