Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ
ԹուրքիաԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։ Trend գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
«Առաջնորդները քննարկել են իրադրությունը Սիրիայում, համաձայնել, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկել ԻՊ-ի ոչնչացման, ինչպես նաև Թուրքիայում, Եվրոպայում և դրա սահմաններից դուրս ԻՊ-ի կողմից իրականացվող ահաբեկչությունները կանխելու համար»,-ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Սպիտակ տունն ընդգծում է, որ Օբաման «նշել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցման վերաբերյալ բանակցություններում առաջընթացի ձեռք բերման գործում»։
«Երկու առաջնորդները քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունը բոլոր ահաբեկչական խմբավորումների՝ ներառյալ PKK-ի դեմ պայքարում: Այդ համատեքստում Օբաման ԱՄՆ-ի հանձնառությունն է արտահայտել Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի, անվտանգության հարցում»,- նշել են Սպիտակ տանը: