Թուրքիայի ընդդիմությունը համաշխարհային հանրությունից պահանջում է բոյկոտել Էրդողանի ռեժիմը
ԹուրքիաՄիջազգային հանրությունը պետք է հրաժարվի նախագահ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ համագործակցությունից, որպեսզի չդառնա նրա «կեղտոտ եւ արյունոտ գործերի» մասնակիցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrat Haber-ը, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:
RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Յուքսեքդաղն ասել է, որ պաշտոնական Անկարայի գործընկերները հաճախ աչք են փակում նրա գործողությունների վրա եւ դրանով, փաստորեն, պաշտպանում են հանցագործությունները:
«Թուրքիայի հետ նրանց կապում են տարբեր տեսակի գործընկերային հարաբերությունները եւ պայմանավորվածությունները: Հարկ է, որ նրանք հրաժարվեն Թուրքիայի հետ համագործակցությունից: Համագործակցելով արյունոտ քաղաքական ռեժիմի հետ, նրանք դառնում են նրա կեղտոտ եւ արյունալի գործերի հանցակիցը», -ասել է քուրդ ընդդիմադիրը:
Նա նաեւ նշել է, որ թուրքական ընդդիմությունը երկար տարիների ընթացքում արդեն խոսել է ահաբեկիչների, մասնավորապես, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ Էրդողանի ռեժիմի կապերի մասին, սակայն, նրա հայտարարությունները չեն լսվել:
«Մենք այդ մասին խոսել ենք տարիներ շարունակ, բայց Թուրքիայում արդարադատության աշխատող համակարգ չկա, մեխանիզմներ չկան այն բանի համար, որպեսզի հետեւողականորեն եւ վճռականորեն ճնշում գործադրվի իշխանության վրա: Մենք փորձում ենք կառավարությանը պատասխան տալու կոչ անել, եւ այդ պատճառով էլ նրանք հարձակվում են մեզ վրա, հետապնդում, զրկում պատգամավորական մանդատից եւ վռնդում խորհրդարանից», -ասել է Յուսեքդաղը:
Թուրքական եւ միջազգային ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ Թուրքիան ավելի վաղ մեղադրվել էր ԻՊ-ի ահաբեկիչների հետ նավթի առեւտուր անելու մեջ' նշելով, որ այդ մասին խոսել են Հունաստանի, Ռուսաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունները: