Solar Impulse 2-ը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակներում վայրէջք է կատարել Նյու Յորքում
ԱշխարհԱրևային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակներում վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Լիհայ օկրուգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Twitter-ում նախագծի պաշտոնական հաշվում:
«Բերտրան Պիկարը հենց նոր վայրէջք կատարեց Լիհայ Վելիում՝ Նյու Յորքի դարպասների մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնել են նախագծի կազմակերպիչները, թռչող սարքը, մեկնել էր Դեյթոն քաղաքի (Օհայոյի նահանգ) օդանավակայանից և հաղթահարել 800 կմ տարածություն: Ավելի վաղ Պիկարը և նրա գործընկեր Բորշբերգը հայտարարել էին, որ ցանկանում են ուղևորվել Նյու Յորք, ապա՝ Եվրոպա կամ Հյուսիսային Աֆրիկա, իսկ այնուհետև՝ Աբու Դաբի, որտեղ 2015 թվականի մարտի 9-ին սկսվել էր իրենց ճանապարհորդությունը:
Ճանապարհ ընկնելով Աբու Դաբիից՝ ինքնաթիռն այնուհետև վայրէջք է կատարել Օմանի, Հնդկաստանի, Մյանմայի և Չինաստանի տարածքներում: Անցյալ տարվա ամռանը անբարենպաստ եղանակի պատճառով ինքնաթիռն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել ճապոնական Նագոյա քաղաքում: Solar Impulse 2-ն այստեղ էր գտնվում գրեթե մեկ ամիս՝ սպասելով բարենպաստ եղանակային պայմանների: Ավելի ուշ ինքնաթիռը Ճապոնիայից մեկնել է Հավայան կղզիներ. այստեղ նա ժամանել է անցյալ տարվա հուլիսի 3-ին: Թռչող սարքում այն ժամանակ մարտկոցների վնասվածք էին հայտնաբերել գերտաքացման պատճառով: Դրանք փ ոխարինելու համար շատ ժամանակ պահանջվեց, և թռիչքի շարունակումը հետաձգվեց մինչև 2016 թվականը:
Solar Impulse 2-ը, որը կառուցվել է Շվեյցարիայում, իրենից ներկայացնում է իր նախորդի՝ Solar Impulse-ի բարելավված տարբերակը: Նրա թևերի բացվածքը 72 մետր է, քաշը՝ մոտավորապես 2,3 տոննա: Ինքնաթիռի վրա տեղակայված են արևային ուժահավաքիչ մարտկոցներ, որոնցով աշխատում են չորս էլեկտրաշարժիչներ: Նրա նորմալ արագությունը ժամում մոտավորապես 140 կիլոմետր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: