Մանդատ վայր դնելով ի՞նչ հարց ես լուծում. Արշակ Բանուչյան
ՀասարակությունՀայ ազգային կոնգրեսում ակտիվիստներ կան, ովքեր հարցնում են՝ արժե՞ր 7 մանդատի համար մտնել խորհրդարան, բայց այստեղ կա մի բան. քաղաքականությամբ զբաղվողը չպետք է զգացմունքներով առաջնորդվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Արշակ Բանուչյանը, և հավելեց, որ ճիշտ է՝ իրենց սպասելիքներն ավելին էին, քան եղան, բայց այնուամենայնիվ պետք է սառը դատել։
«Մանդատ վայր դնելով ի՞նչ հարց ես լուծում: Եթե մենք մանդատները վայր դնելով կարող ենք նոր ընտրություններ անցկացնել և եթե մեզ միանան «Բարգավաճ Հայաստանը», միանա Դաշնակցությունը և միանան մյուսները՝ մանդատները վայր դնելով ինչ–որ քաղաքական իրավիճակ կփոխենք՝ կանենք դա։ Դա իմաստ ունի, բայց եթե մանդատը վայր դնելով՝ ժողովրդին զրկում ես այդ ամբիոնից, նրան, ով քեզ քվե է տվել,. դա իմաստ չունի»,- ասաց նա և հավելեց, որ մանդատը վայր դնելը նույնքան ծանրակշիռ և պատասխանատու որոշում է, որքան և մանդատ ստանալը։
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀԱԿ դաշինքի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի այն հայտարարությանը, որ ՀԱԿ–ի մայիսի 8-ի հանրահավաքը փողոցային պայքարի իմիտացիա ստեղծող հանրահավաք էր, և որ ՀԱԿ–ի վերջին մեկ տարվա գործունեության հետ ինքը համաձայն չէ, ակնարկելով, մասնավորապես, ԲՀԿ–ի հետ համագործակցությունը՝ Բանուչյանն ասաց.
«Հիմա դա իր տեսակետն է, բայց ես չեմ կարծում, որ իմիտացիա էր։ Մարդիկ հավաքվել էին տեսնելու, թե հաջորդ քայլերը ինչ են լինելու, լսեին, թե ընտրություններից հետո մենք ինչ քայլերի ենք գնալու։ Լսեցին, իմացան։ Չեմ կարծում, թե իմիտացիա է։ Մակեյանը քաղխորհրդի անդամ է, միշտ իր կարծիքը հայտնել է։ Նա որոշ հարցերում կողմ է եղել, որոշ հարցերում՝ դեմ: Ես ինքս Կենտրոնական գրասենյակի անդամ եմ, շատ հարցեր են եղել, մեկի հետ համաձայն եմ եղել, մեկի հետ՝ չէ։ Իմ տեսակետները հստակ են։ Բնույթով ես թիմի մարդ եմ, իմ տեսակետը առաջ չեմ հրում, և եթե այն չի անցնում, այլ անցնում է մեծամասնության տեսակետը, ես այդ տեսակետն էլ պաշտպանում եմ»։