Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի և հակառակը. Բաքվում ՌԴ դեսպան
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները պատմականորեն ձևավորվել են տարբեր կերպ, հայտնում է APA-ն:
«Այդ հարցում իր դերն ունի էթնիկ, կրոնական ու մշակութային գործոնների միահյուսումը: Մեծ կարևորություն ունեն քաղաքականությունն ու տնտեսությունը:
Հայաստանը որոշել է դառնալ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, մեր երկրի հետ մտել է տնտեսական խորն ինտեգրման մեջ: Ադրբեջանն ընտրել է այլ մոդել. առանց ռազմաքաղաքական ու տնտեսական պարտավորությունների: Մենք հարգում ենք երկու ընտրություններն էլ: Մենք չենք հակադրում այդ երկրներին: Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի և հակառակը: Դա նաև վերաբերում է Ռուսաստանում երկու երկրների սփյուռքին:
Չենք ցանկանում, որ Ռուսաստանը վերածվի այնպիսի վայրի, որտեղ հայերն ու ադրբեջանցիները հաշիվներ կմաքրեն ինչ-ինչ վիրավորանքների պատճառով: Դրան է ուղղված մեր ողջ պետական քաղաքականությունը:
Իսկ երբ ասում են, թե Ռուսաստանն ավելի վատ է վերաբերվում ադրբեջանցիներին, քան հայերին, դրանք միայն զգացմունքներ են: Հուսով եմ, որ դրանք ամեն դեպքում կանցնեն: Այլ բան է, որ Ռուսաստանում պետք է ավելի շատ բան իմանան Ադրբեջանի մասին, ինչի մասին ես հայտարարել եմ քանիցս»,- ասել է դեսպանը: