Արամ Սարգսյանն արդեն այսօր բացահայտ կխաղա իշխանությունների խաղը
PoliticalԽորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, և թվում է, թե իշխանությունները դրանց ընթացքում կարողացան իրականացնել իրենց բոլոր ծրագրերը։ Սակայն Լուրեր.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանություններին չի հաջողվել իրագործել իրենց պլաններից առնվազն մեկը։ Ըստ նախագահականում ծրագրված սցենարի՝ ընտրությունների արդյունքում «Ժառանգություն» կուսակցությունը, որ ընտրություններին մասնակցում էր «Ազատ դեմոկրատներ»-ի հետ միասնական ցուցակով, պետք է ստանար առնվազն 12-14 տոկոս քվե, ինչից հետո Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրապարակավ պետք է հայտարարեր իր մանդատը վայր դնելու մասին՝ խիստ քննադատության արժանացնելով Կոնգրեսին՝ իր դիրքորոշումը հիմնավորելով այն բանով, որ Կոնգրեսը «Ժառանգություն»-ից առավել թվով ձայներ է ստացել, քանի որ Կոնգրեսն ընտրական գործընթացի ընթացքում համագործակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, իսկ «Ժառանգություն»-ը հավասարապես քննադատել է թե՛ իշխող ՀՀԿ-ին, թե՛ ԲՀԿ-ին։
Ընտրությունների արդյունքում, սակայն, իշխանությունները չկարողացան ապահովել «Ժառանգության» համար ծրագրված տոկոսը։ Ավելին, կուսակցության համար հազիվ ապահովվեց հինգ տոկոսանոց շեմը։ Եվ հիմա Արամ Սարգսյանը, հետևաբար, ստիպված է փոխել իր նախօրոք ծրագրված ասելիքի շեշտադրումները, սակայն հավանաբար կփորձի հանդես գալ Կոնգրեսի ու մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարության քննադատությամբ։ Եվ պատահական չէ, որ Սարգսյանն արդեն մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում Կոնգրեսի ներկայացուցիչների շարքում չէր։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանություններն Արամ Սարգսյանի վրա դուրս են եկել դեռևս անցյալ տարի, երբ վերջինիս հարազատներից մեկը վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, որը մահացել էր։ Այդ ժամանակ Ռուբեն Հայրապետյանի միջնորդությամբ աղմուկը և միջադեպի անցանկալի հետևանքները կասեցվել էին, ինչից հետո զարգացել էր Արամ Սարգսյանի համագործակցությունն իշխանությունների հետ։
Հատկանշական է, որ ընտրություններից առաջ Արամ Սարգսյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Քոքոբելյանի հետ, վստահաբար՝ այս ծրագրի շրջանակներում։
Թե խոսքի ինչպիսի շեշտադրումներով հանդես կգա այս հետընտրական շրջանում Արամ Սարգսյանը, պարզ կդառնա արդեն այսօր (Արամ Սարգսյանը հանդես է գալու ասուլիսով)։ Մեզ մնում է միայն զինվել համբերությամբ և սպասել...
Խորեն Տեր-Մկրտչյան