Մեր շարժումը վերածվեց քրեաօլիգարխիկ երկրում փոփոխության գործոնի. Մաշտոցի պուրակի ակտիվիստ
Общество2012-ի փետրվարից ի վեր Մաշտոցի պուրակում ծավալվել է 90-օրյա քաղաքացիական պայքար։ Այս պայքարն առաջնորդվել է բացառապես խաղաղ, ոչ բռնի սկզբունքներով, եղել է հանրության համար թափանցիկ, հաշվետու, բաց մասնակցային, ինքնուրույն, ինքնակազմակերպվող։ Հաջողությունները պայմանավորված էին բոլորին միավորող արժեհամակարգով, որի հիմքում ընկած էր արդարության հաստատումը, հանրային շահը, մարդու իրավունքների կենսագործումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մաշտոցի պուրակի ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ պայքարի արդյունքում հաջողվել է հասնել կրպակների ապամոնտաժմանը Մաշտոցի պուրակից.
«Պուրակը վերանվաճվեց,որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանը։ Կարողացանք ստեղծել պայքարի նոր որակ»,– ասաց ակտիվիստը և հավելեց, որ իրենց պայքարի նոր մշակույթը ներառում է ոչ թե հնի վերարտադրություն կամ դիմադրություն, այլ որակապես նոր ստեղծագործ մեթոդների կիրառում։
«Պայքարի արդյունքում ինքնակազմակերպված քաղաքացիական շարժումը վերածվեց փոփոխության գործոնի մի երկրում, որտեղ տարիներ շարունակ տիրել են քրեական–օլիգարխիկ օրենքներ, որտեղ սովորական քաղաքացին իրավազրկվել է»,–ասաց Ռուզաննան։
Նա նշեց նաև, որ իրենց 90–օրյա պայքարի արդյունքում Մաշտոցի պուրակը հաջողվել է վերածել բազմազան և բազմամշակութային մի տարածքի, որտեղ, յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր քաղաքական և մշակութային նախընտրություններից, կարող է ստեղծագործել, հաղորդակցվել, ունենալ ազատ արտահայտման իրավունք։
«Չնայած մեր պայքարի հիմնական պահանջը կատարվեց, սակայն մեզ համար ընդունելի չէ լուծման եղանակը, այն է՝ նախագահի ինստիտուտի կողմից իր սահմանադրական լիազորությունների չարաշահումը և միջամտությունը խնդրի լուծմանը»,– ասաց ակտիվիստը և հավելեց, որ պատասխանատուն քաղաքապետարանն էր։