Չեխիայի նախագահի հայտարարությունը հստակ ազդակ էր Էրդողանին և նրա քաղաքական թիմին. Շարմազանով
ԱՐԽԻՎՉեխիայի նախագահի հայտարարությունը, ըստ որի' բոլոր նրանք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը վախկոտներ են, հստակ ազդակ էր բոլոր նրանց, ովքեր քննադատում են Բունդեսթագի որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնովը:
«Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հստակ նշեց, որ 1915թ. տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, իսկ նրանք, ովքեր ժխտում են Ցեղասպանությունը, վախկոտներ են: Սա հստակ ազդակ էր այն գործիչներին, այդ թվում՝ Թուրքիայի իշխանություններին, ովքեր Բունդեսթագի որոշումից հետո դժգոհություն բարձրացրեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով՝ Չեխիայի նախագահը ևս մեկ անգամ հստակ ընդգծել է, որ աշխարհը պետք է ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը և առհասարակ մարդկության նկատմամբ կատարված բոլոր հանցագործությունները: «Այս ամենը շատ հստակ ազդակ էր Էրդողանին և նրա քաղաքական թիմին»,- եզրափակեց Շարմազանովը: