Facebook-ի հիմնադիրներից մեկը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post
World PressFacebook-ի հիմնադիրներից Էդուարդո Սավերինը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից և որոշել է պաշտոնապես դառնալ Սինգապուրի բնակիչ, գրում է The Washinton Post–ը։
ABC News-ի հրապարակման մեջ նշվում է, որ Սավերինը ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականի սեպտեմբերին, սակայն դրա մասին ավելի վաղ չի նշվել։
Սավերինի խոսնակ Թոմ Գուդմանը նման որոշումը պայմանավորել է գործարար կապերի ամրապնդումով և ասիական երկրներում մի շարք բիզնես ներդրումներով։ Ներկա պահին, ըստ լրատվամիջոցների նա ապրում է Սինգապուրում։
The Washington Post–ի հրապարակման մեջ նշվում է, որ Սավերինի՝ ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելը նպատակ ունի կրճատել Սավերինի բիզնեսների հարկային պարտավորություններն ու դրույքաչափերը։ Մայիսին ընկերությունը նախատեսում է անցկացնել IPO՝ ֆոնդային բորսայում սկզբնական հրապարակային առաջարկը։ Ըստ վերլուծաբանների, Facebook–ի արժեթղթերը՝ IPO ընթացքում կավելանա 10,4 միլիարդ դոլարով։
Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տվյալների, 30-ամյա Սավերինը տնօրինում է Facebook–ի 4-5% բաժնեմասը։ Սավերինը ծնվել է Բրազիլիայում և տեղափոխվել է ԱՄՆ 1992–ին, իսկ ԱՄՆ քաղաքացիություն ստացել 1998–ին։
2011 թվականին ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է մոտ 1800 մարդ, 2008 թվականին այդ թիվը եղել է ընդամենը 235։ Պատճառն այն է, որ հիմնականում այս քայլին մարդիկ գնում են բարձր հարկերից խուսափելու համար։