Brexit-ը կդառնա Եվրամիության՝ Բրյուսելում մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի գլխավոր թեման
ԱշխարհՄեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեն, որտեղ հունիսի 23-ին այդ երկրի բնակիչները քվեարկեցին Եվրամիության կազմից դուրս գալու օգտին, կդառնա Եվրամիության՝ Բրյուսելում մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի գլխավոր թեման: Դեռեւս 28 երկրների հանրակցության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով այդ հանդիպումը պատմական հանրաքվեից հետո կլինի առաջին պաշտոնական հարթակը Brexit-ի արդյունքների եւ հետեւանքների քննարկման համար:
Այս թեմայի ֆոնին կնսեմանան մնացած հարցերը, որոնք ընդգրկված են գագաթնաժողովի օրակարգում, մասնավորապես, միգրացիոն ճգնաժամը, տնտեսական աճը եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական հարաբերությունները: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի դեմ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցների երկարացման թեման գագաթնաժողովի օրակարգում նույնպես չկա, սակայն այդ հարցը կարող է արծարծվել Եվրամիության արտաքին քաղաքական ռազմավարության քննարկման շրջանակում:
Հանրաքվեի նախաձեռնողը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, պատմական օրվանից հետո առաջին անգամ ԵՄ-ի գագաթնաժողովում կկանգնի հանրակցության մնացած 27 երկրի ղեկավարների առջեւ:
«Այդ հանդիպումը կդառնա վարչապետ Դեւիդ Քեմերոնի առաջին հնարավորությունը՝ պարզաբանելու Մեծ Բրիտանիայի իրադրությունը եւ բրիտանացի ժողովրդի ընդունած որոշումը»,- նախօրյակին ընդգծել են ԵՄ-ի խորհրդում: